• Քարտեզի միջոցով ճամփորդության երթուղու կազմում
  • Այցելվող վայրերի վերաբերյալ տեղեկությունների հավաքում, ուսումնասիրություն

Չիվա

Չիվա Բնակչության թիվը` 1013 Չիվա գյուղը գտնվում է Վայոց Ձոր մարզի հարավ-արեմտյան մասում, ԵղեգնաձորԵրևան մայրուղու վրա, ծովի մակերևույթից բարձր է 1116 մ։ Գյուղը մարզկենտրոնից ունի 23 կմ հեռավորություն, իսկ մայրաքաղաքից` 102 կմ։ Գտնվում է Վեդի-ներքին Արփա նախալեռնային գոտում, ձմեռվա տևողությունը 4 ամիս է։ Չիվան, տեղակայված է Վարդենիսի լեռների Ճյուղավորություններից կազմված ձորամիջում։ Ունի առկա 305 տնտեսություն։ Գյուղի մասին հիշատակումներ կան Ստեփանոս Օրբելյանի <<Սյունիքի պատմություն>> աշխատության մեջ` 13-րդ դարի թվագրությամբ։ Սակայն դա սկիզբը չէ, այն ունի առավել հին պատմություն և անվանվել է նաև Չվա, Չուվա և այլն։ Գյուղի անունը չի ստուգաբանվում։ Ժողովրդական ավանդության համաձայն` 735թ. Մոզի կործանիչ երկրաշարժից ահաբեկված փախչող մարդիկ հասնում են Չիվայի տարածք, հանգիստ առնում և գոչում` չիք վայ, չկա վայ, որտեղից էլ առաջանում է գյուղի անունը։ Չիվան հարուստ գյուղ է եղել, Չիվայի ձորը հայտնի է բազմատեսակ պտղատու այգիներով։ Գյուղը վանքապատկան է եղել։ 13- րդ դարում հատուկ հրովարտակով տրվել է Ջալալ Օրբելյանին որպես կալվածք։ Մետաքսի ճանապարհի մի ճյուղը Սելիմով հասնելով Արենի, մի ճյուղով էլ թեքվում էր Չիվա`ուղղություն վերցնելով դեպի Դվին ևԱյրարատ։ Ենթադրվում է, որ գյուղը բնակեցված է եղել դեռևս հեթանոսական ժամանակաշրջանից։ Այդ մասին են վկայում հին գյուղատեղի տարածքում հայտնաբերված կարասներով թաղումները։ Գյուղը մի քանի անգամ կարճ տեղափոխումներ է ապրել, սկզբում `ձորամեջ, ապա` դիմացի սարալանջ, ուր կան քրիստոնեական վկայություններ` ժամտուն, խաչքարեր։ Ռուս-պարսկական պատերազմից հետո այստեղ են եկել հայ-գաղթականներ Խոյից, Սալմաստից։ Երկար ժամանակ Չիվա գյուղում հայերի հետ ապրել են նաև այլազգիներ։ 1988 թվականից գյուղն ամբողջապես դարձավ միատարր։ Բնակչության հիմնական զբաղվածությունն անասնապահությունն ու հողագործությունն է։ Հիմնականում մշակում են` ծիրան, դեղձ, խաղող, բանջարաբոստանային կուլտուրաններ և հացահատիկ։ Գյուղն ունի միջնակարգ դպրոց , մշակույթի տուն, բուժկետ։ Գյուղում գործում է առևտրի մի քանի կետեր։