Մարս կամ Հրատ (լատիներեն՝ Mars), Արեգակնային համակարգի Արեգակից հեռավորությամբ չորրորդ և չափերով յոթերորդ մոլորակն է։ Մոլորակի զանգվածը կազմում է Երկրի զանգվածի 10,7 %-ը։ Իր Մարս անունը ստացել է հռոմեական պատերազմի աստված Մարսի պատվին, հունական դիցաբանությունում՝ Արես։ Երբեմն Մարսը անվանում են «կարմիր մոլորակ» մակերևույթի կարմրավուն երանգի պատճառով, որը ստացվում է երկաթի օքսիդի պատճառով։
Մարսը երկրային խմբի մոլորակ է նոսր մթնոլորտով (մթնոլորտային ճնշումը մակերևույթի մոտ 160 անգամ փոքր է երկրայինից)։ Մարսի մակերևույթային ռելիեֆի առանձնահատկություններից են հարվածային խառնարանները, ինչպես նաև հրաբուխները, հովիտները, անապատները և բևեռային սառցե գլխարկները։
Մարսը ունի երկու բնական արբանյակ՝ Ֆոբոսը և Դեյմոսը (հին հունարենից թագմանաբար – «վախ» և «սարսափ» – Արեսի երկու որդիների անունները, որոնք ուղեկցում էին նրան մարտի ժամանակ), որոնք համեմատաբար փոքր են (Ֆոբոսը – 26×21 կմ, Դեյմոսը – 13 կմ կտրվածքում) և ունեն անկանոն ձև։
Մարսը Արեգակնային համակարգի Արեգակից հեռավորությամբ չորրորդ (Մերկուրիից, Վեներայից և Երկրից հետո) և չափերով յոթերորդ (զանգվածով և տրամագծով գերազանցում է միայն Մերկուրիին) մոլորակն է[6]։ Մարսի զանգվածը կազմում է Երկրի զանգվածի 10,7 %-ը, (0,64185 × 1024 կգ), ծավալը՝ 0,15 Երկրի ծավալ, միջին գծային տրամագիծը՝ 0,53 Երկրի տրամագիծ (6800 կմ)։